
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը նույնպես լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում և իրականացվելու են Տավուշի մարզում իրականացրած աշխատանքների նմանությամբ: Կառավարության նիստին իր հատուկ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացումն ու գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ցավոք, այս աշխատանքների արդյունավետությունը կախված է ոչ միայն մեզանից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` նույնիսկ այսպիսի բարդ ժամանակաշրջանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, որի ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի՝ ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով:
«Այս ամենին զուգընթաց՝ պետք է տեղի ունենա պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: