Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ ՊՆ կողմից իրականացվող ՀՀ պետական բյուջեի թվով 5 ծրագրերով 2025 թվականի համար նախատեսվում է հատկացնել 664 մլրդ 653 մլն 454 հազար  դրամ: ՀՀ արհեստավարժ հիմունքներով զինված ուժերի երկարաժամկետ զարգացման ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների գործընթացի առանցքային ուղղություններն առնչվում են պաշտպանության պլանավորման ընթացակարգերի, զինված ուժերի կառավարման համակարգի, կազմի կառուցվածքի, անձնակազմի կառավարման կատարելագործմանը, սպառազինությանը, ռազմական տեխնիկայի միջոցներով համալրվածությանը, սոցիալական ապահովմանը և այլն»,- այս մասին ԱԺ ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նախարարի՝ առանցքային է՝ կիրթ և բանիմաց կադրերվ համալրելու քաղաքականությունը, և վերջին 2 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյուքնում առաջիկա տարիներին  ԶՈւ շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ՝ և կրթական մակարդակով, և պրոֆեսիոնալիզմով բարձր որակավորում ունեցող կադրեր. «Դրա համար ներդրվել է 2022-2023 թվականների ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված 3 սենյականոց բնակարան հատկացնելու մասին ԱԺ ընդունած օրենքը: Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյուքում վարձատրությունը աճել է 3-10 անգամ՝ 15 հազարից մինչև 175 հազար դրամ»:

Պապիկյանը անդրադարձավ աշխատավարձերը չբարձրացնելուն, որը որակեց բացարձակ սուտ. «Ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար մինիմում հավելավճարից մինչև 470 հազար հավելավճար»:

Նախարարը հավելեց, որ ներդրվել է կանանց գումարտակ և կամավոր պարտադիր ժամկետային զինծառայությունը, հուրախություն իրենց, վերջին մեկ տարվա ընթացքում ունեն արդեն կին զինծառայողներ, որոնք ոչ միայն 6-ամսյա կուրսը ավարտել են, այլև որոշել են դառնալ սպաներ և հիմա սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

«Զորակոչը շարունակում է մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք: Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի ԶՈւ-ում չծառայի: Պետական պաշտոնյան պիտի թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ նաև մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»,- ասաց նախարարը:  

Եզրափակելով ելույթը՝ նախարարն ասաց, որ ՀՀ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել ՀՀ 29 հազար 743 քկմ ՀՀ սուվերեն տարածքը. «Սա միակ խնդիրն է, որը դրված է բանակի առաջ:  Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված շուրջ 200 քկմ տարածքների խնդրին՝ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը  հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»: 
 

280