Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել էր  Պաշտպանության նախարարության հայտարարությանը, որով գերատեսչությունը երեկ՝ նոյեմբերի 24-ին,  ՀՀ-ում գործող լրատվամիջոցներին կոչ էր արել սպառազինության ձեռքբերման վերաբերյալ օտարերկրյա լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները հրապարակելուց առաջ ճշգրտումներ անել նախարարությունից։

Մանուկյանը անդրադառնալով խնդրին՝ գրել էր, թե «երկրի տեղեկատվական անվտանգության համար նաև պատասխանատու ու  ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամներով սնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի զբաղված է ներքաղաքական հարցերով, ֆեյքային գործունեությամբ, քան երկրի տեղեկատվական անվտանգության հարցերով»:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը Araratnews-ի հետ զրույցում խոսելով խնդրից ասաց, որ ՊՈԱԿ-ն այդ ուղղությամբ աշխատանքներ միանշանակ իրականացնում է․ «Սակայն  հաշվի առնելով Հայաստանի դեմ հակաքարոզչությանը հակազդելու աշխատանքի նրբությունները՝ ամեն ինչ չէ, որ կարող ենք բարձրաձայնել և ներկայացնել»։

Հարցին՝ կառույցը լրագրողների հետ պատրաստվու՞մ է որոշակի աշխատանք տանել այդ ուղղությամբ, Ծառուկյանը նշեց, որ իրենց գործառույթների տիրույթը ավելի շատ պետական կառույցների հաղորդակցության ստորաբաժանումներն են, որոնց հետ գրեթե ամենօրյա միջոցառումներ են իրականացվում ընթացիկ հարցերի շուրջ․ «Կարծում ենք, որ լրատվամիջոցների հետ պետք է հասարակական կազմակերպությունները աշխատանք տանեն և հենց իրենք ինքնակարգավորման մեթոդով առաջ գնան», - հավելեց Ծառուկյանը, հիշեցնելով, որ Կառավարությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակել, որով լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմը սահմանվում է որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ:

Իսկ ԱԺ պատգամավորի մեղադրանքներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցն այն անվանեց կեղծիք․ «Ես բազմաթիվ անգամներ այդ թվում ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնք փորձել են շահարկումներ կատարել կառույցի հեղինակության վերաբերյալ՝ նախազգուշական նամակներ եմ ուղարկել և բոլորը անխտիր հեռացրել են իրենց գրառումները, որովհետև որևէ հիմք չունեն․ դա կեղծ է, սուտ, և իմ ու գործընկերներիս համար ֆեյքային գործունեությունը անընդունելի ու դատապարտելի  երևույթ է ու որևէ մեկը այստեղ նման գործունեությամբ չի զբաղվում»։

Գեղամ Ադյան

544