Ստեփանակերտում նոյեմբերի 27-ին պաշտոնապես վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը դպրոցի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին տեղեկացրել է, որ խաղաղապահների նպատակն է նպաստել սեղմ ժամկետներում Արցախի բոլոր դպրոցների վերաբացմանը: Դպրոցի վերաբացումը խորհրդանշող զանգը հնչեցրել են Շուշի քաղաքից առաջին դասարանի աշակերտուհին ու մայրաքաղաքի դպրոցականներ:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կրթօջախը գործում էր դեռևս նոյեմբերի 18-ից 6 ուսուցիչներով ու փոքրաթիվ աշակերտներով:

 

«Այնուհետև աշակերտների թիվն աճեց և դեռ գրանցումը շարունակվում է: Ներկայումս Արցախի տարբեր բնակավայրերից՝ ներառյալ Շուշիից, Հադրութի շրջանից, մեր դպրոցում սովորում է 400 աշակերտ: Կիսով չափ համալրված է նաև ուսուցչական անձնակազմը, իսկ մյուսները շուտով կժամանեն: Շուրջ 3օր է լուծված է նաև դպրոցական շենքի ջեռուցման խնդիրը»,-մանրամասնեց համար 2 հիմնական դպրոցի տնօրենը՝ տեղեկացնելով նաև որ ավագ դպրոցի աշակերտները գրանցվում են Ստեփանակերտի համար 8 կրթօջախում, որը արդեն 4-5 օր է, ինչ գործում է:

27 Նոյեմբեր, 2020 18:17
646