Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհները 2012 թվականից սկսած վերահսկվում են արագաչափների միջոցով, որոնց լինել-չլինելու հարցն այս տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր խնդրահարույց հարցին և նկատել՝ որքան էլ այս հարցը կարող է ոչ այնքան ծանրակշիռ թվալ, սակայն, հաշվի առնելով դրա վերաբերյալ հանրային լայն հետաքրքրությունը և տեսակետների մեծ բախումը, ճիշտ կլինի, որ այն լուծվի հանրաքվեի միջոցով։

Ըստ վարչապետի՝ անհարժեշտ է նախ պայմանավորվել, որ եթե 50 հազար ստորագրություն հավաքվի, հարցը կգնա Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովը դեմ քվեարկի, կսկսվի 300 հազար ստորագրություն հավաքելու գործընթացը։ Եթե հաջողվի 300 հազար ստորագրությունն էլ հավաքել, հարցը դուրս կբերվի հանրաքվեի, որպեսզի այն լուծվի համաժողովրդական ձևով։

Ընդ որում՝ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այն խմբերին, որոնք կնախաձեռնեն այս գործընթացը:

ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը վերջին շրջանում պարբերաբար հրապարակումներ է անում երթևեկության կանոնները պահելու հետ կապված, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ հանրաքվեն իրականում չի կայանա, քանի որ քաղաքացիները չեն ցանկանա, որ երթևեկությունը որոշ չափով կարգավորող միջոցը հեռացվի ճանապարհներից։

«Անհնար է նման ստորագրահավաք կազմակերպել, մեծ ռեսուրսներ են պետք դրա համար։ Իմ պատկերացմամբ՝ ժողովուրդը հասկանում է, որ պետք չէ նման քայլի գնալ։ 2023 թվականին ճանապարհային տրանսպորտային պատահարներից եղել է 378 զոհ։ Ոստիկանությունը վիճակագրություն չի վարում, թե որն է պատահարների հիմնական պատճառը, բայց, իհարկե, արագությունը մեծ դեր ունի։ 378 թիվը ավելի մեծ է, քան տարվա օրերը՝ 365-ը. եթե, օրինակ, այսօր մահվան դեպք չի եղել, վաղը երկուսն են մահանալու։ Այսինքն՝ ծայրահեղ վիճակում ենք, այդ թիվը մեզ նման փոքր երկրի համար շատ լուրջ խնդիր է։ Հետևաբար այս ժամանակահատվածում ժամանակավրեպ է քննարկել արագաչափները հանել-չհանելու հարցը»,- ասում է նա։

486