ԱՄՆ հետախուզական ծառայությունները Իսրայելին մեղադրում են իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ: Այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներ:

NYT-ի տվյալներով, ամերիկացի մի պաշտոնյա և հետախուզության երկու պաշտոնյաներ պնդում են, որ գիտնականի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։

Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ էին նախապես տեղյակ լինել գործողության մասին: Իսրայելը և Միացյալ Նահանգները ամենամոտ դաշնակիցներն են և արդեն տևական ժամանակ է, ինչ հետախուզական տվյալներ են փոխանակում՝ կապված Իրանի հետ։

Նշվում է, որ Սպիտակ տունը և ԿՀՎ-ն հրաժարվել են թերթին մեկնաբանություն տալ այս հարցով:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես Իսրայելին էր մեղադրել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:

Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր ։

1in.am

143