

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին և չենք խախտի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրության նախագիծը կունենանք սահմանված ժամկետում»,- անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարն ասաց, որ նախաբանի և Հռչակագրի առկայությամբ պայմանավորված հնարավոր հակասության հարցը փակ է, և Սահմանադրական դատարանը հակասություն չի տեսել, իսկ անփոփոխելի հոդվածների փոփոխությունը իր կարծիքով տրամաբանական չէ. «Բայց եթե հանրաքվեի է ներկայացվել նոր Սահմանադրություն, ապա պիտի քննարկենք Սահմանադրության նոր տեքստ»:
Անդրադառնալով մի շարք պաշտոնատար անձանց սեփական դիմումի համաձայն ազատմանը և դիտարկամանը՝ արդյոք երկրի ղեկավարը ունի նման իրավունք՝ խնդրանքով հանդես գալու, նախարարն ասաց. «Երբ ղեկավարը տեսնում է, որ քաղաքականության շեղում կա, այո՝ իրավունք կարող է ունենալ, խոսակցություններ ունենալ բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Բոլոր քայլերը, որոնք արվում են, ի վերջո նրա համար են, որ մեր երկրում հաստատվի արդարություն, և այդ բոլոր քայլերը կարող եք ընկալել հենց այդ համատեքստում»:
Անդրադառնալով նախարարությունում սպասվող «կադրային ջարդին»՝ Գալյանը պատասխանեց, որ բնականաբար ունենալու է նոր փոխնախարարներ, որոնք ոչ միայն վստահելի են, այլ նաև պրոֆեսիոնալ և կիսում են քաղաքական թիմի մոտեցումը: