Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցում հոկտեմբերի 29-ին ձեռամբ  Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի եւ Տեր Նարեկ Քահանա Թադևոսյանի  մկրտվեցին հակամարտության պատճառով ժամանակավորապես Հայաստան տեղահանված 13 արցախցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք այն անձինք  են, ում կեցության հարցը այս  ընթացքում հոգում են «Հայկական Կարիտաս»-ն ու  Հայ Կաթողիկե Առաջնորդարանը:

 

Մինչ մկրտությունը Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը մեկնեց քրիստոնեական հավատի խորհուրդներից առաջին՝ մկրտության և մկրտության ողորմածությունը ամբողջացնելու համար անհարաժեշտ դրոշմի  խորհուրդները։ 

 

«Նախ և առաջ Սուրբ Մկրտության խորհուրդը տալիս է այն ուժն ու կարողությունը, որ քրիստոնյան կարողանա Քրիստոսի հետ ապրել և իր բոլոր դժվարությունները հաղթահարել: Այս օրը մկրտվողների համար խորհրդանաշական է՝ չմոռանանք, որ մենք առաջին ազգն ենք, որ ընդունեց քրիստոնեությունը, և այս հավատը, որ մենք ընդունեցինք, պետք է փոխանցենք մեր ապագա սերունդներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը:

 

Ավելի քան 45 օր դիրքերը պահող Սամվել Բաղդասարյանը, ով մի քանի օր է, ինչ եկել է ընտանիքին  տեսնելու,  այն 13 անձանցից էր, ով մկրտվեց: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից էր: «Մեղքերից մաքրվել ու իսկական քրիստոնյա դառնալ. սա է իմ համար այս օրվա խորհուրդը»,- ասում է Սամվելը՝ հայ ազգին խաղաղություն մաղթելով ու հուսալով, որ մկրտության հետ միասին, նոր ու բարի օրերի ավետիսներն ավելի շատ են լինելու:

938