Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան Forbes ամսագիրն անդրադարձել է միլիարդատեր Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետի ծրագրի մեկնարկին և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանում։ «Իլոն Մասկի աստղերը Հայաստանի վրայով» վերատառութամբ հոդվածում ներկայացվել է Հայաստանի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և մեջբերվել այն ուղերձը, որը հղել է Մասկը՝ նշելով. «Ուրախ եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու համար»։
Ամսագիրը նշում է, որ այս խոսքերով Մասկը վերահաստատել է Հայաստանն ավելի լայն աշխարհին կապելու իր հանձնառությունը ոչ միայն ինտերնետ հասանելիության առումով, այլև որպես համարձակ տեսլականի մի մաս, որը ներառում է տիեզերքը և արհեստական ինտելեկտը՝ շեշտելով, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկրի համար սա փոքր խոստում չէ:
Հոդվածում նշվում է, որ Starlink-ը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություն, այլև ռազմավարական նշանակության գործիք՝ ամրապնդելով երկրի թվային և տնտեսական անկախությունը։
Հոդվածի սկզբում խոսվում է Հայաստանում Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի փակման արարողության մասին, որտեղ ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովագիմյանը ներկայացրել է Իլոն Մասկի ուղերձը, որը հնչել է որպես հայաստանյան տեխնոլոգիական ներուժի նկատմամբ հետաքրքրության հստակ հաստատում։
Հոդվածում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է Starlink-ը փոխելու Հայաստանի թվային ենթակառուցվածքները։ Հատկապես շեշտվում է, որ երկրի լեռնային տեղանքը և հեռավոր գյուղական համայնքները տարիներ շարունակ տուժել են կայուն և արագ ինտերնետ կապի բացակայությունից։ Starlink-ի միջոցով գերարագ ինտերնետը հասանելի կդառնա նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում։
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ Starlink-ի միջոցով Հայաստանի ուսանողները հնարավորություն կստանան օգտվելու համաշխարհային կրթական հարթակներից՝ հավասար պայմաններ ունենալով կրթության հասանելիության տեսանկյունից։
Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը Starlink-ի ներդրումը դիտարկել է նաև Հայաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքորոշման համատեքստում։ Ներկայիս տարածաշրջանային լարվածությունը՝ Ադրբեջանի հետ հակամարտությունների ֆոնին, ավելի կարևոր է դարձնում կայուն և անվտանգ ինտերնետ կապի անհրաժեշտությունը։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանում նման համակարգի ներդրումը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հակամարտության ժամանակ կապի խափանումներից խուսափելու համար։
Հոդվածում ներկայացվում են նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Starlink-ի ծրագրի արագացված ներդրման ուղղությամբ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է SpaceX-ի հետ՝ կարգավորող խնդիրների լուծման, ենթակառուցվածքների ներդրման և անհրաժեշտ թույլտվությունների ապահովման համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս հաստատել է Starlink-ի լիցենզավորման հայտը, ինչը նշանակում է, որ ընկերությունը շուտով կմտնի փորձարկման փուլ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փորձարկումները կավարտվեն առաջիկա ամիսներին, ինչից հետո Starlink-ը լիարժեք կգործարկվի։
Քրեյգ Սմիթը եզրափակում է հոդվածը՝ ընդգծելով, որ Իլոն Մասկի Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ։