Ընդամենը մեկ ամսից սկսվող նոր տարում Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: 

 

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օգոստոսից հանրային քննարկման ներկայացված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակը այդպիսի դատարանի ստեղծումն է:

 

Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը քննելու են ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

 

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու կարող են դառնալ ոչ բոլորը, կան որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։ Կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվել է էական կարգապահական խախտման հիմքով կամ որի կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ։

 

Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաեւ դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, ինչպես նաեւ հասարակական կառույցների անդամներ: Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար, համեմատությամբ այլ դատավորների, նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։

 

Մասնավորապես, սահմանվում է, որ եթե գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15.00 է, ապա վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահինը 14.50 է, դատավորինը՝ 14.00:

 

Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավել նաեւ փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների  ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում եւ օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում:

 

Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլեւ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաեւ դատախազների թեկնածուների համար, ինչը ըստ նախագծի հեղինակների՝ կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը եւ բարեվարքության ամրապնդմանը:

 

Ի վերջո, այս նախագծերի ընդունման հետեւանքով առաջիկա երկու տարվա համար առաջանալու են հետեւյալ ծախսերը. շուրջ 3 մլն 400 հազար դրամ՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսեր, 2 մլն 800 հազար դրամ՝ շենքային պայմանների համար, 198 մլն դրամ՝ դատարանների տեխնիկական հագեցվածության համար, 21 մլն դրամ՝ տրանսպորտային հագեցվածության համար: Այդ ծախսերից 1 մլրդ դրամն արդեն նախատեսված է ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10.07.2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ:

 

Ի՞նչն էր խանգարում գործող դատական համակարգի պայմաններում հասնել կոռուպցիոն գործերով արդյունավետ քննության: Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պարզաբանում է՝ դա լինելու է մասնագիտացված դատարան, որը կոռուպցիոն գործերը քննելու է շատ ավելի արագ, քան հիմա:

 

«Հիմա եթե դուք ասում եք՝ ինչ կտա այս դատարանների ստեղծումը՝ առնվազն էս մասով, այն դատավորը, որ ունի 1000-1200 գործ ու խառը գործեր են, այդ թվում նաեւ կոռուպցիոն, ինքը էդ 1200 գործերի մեջ տարանջատում չի անում, դրանք քննում է մուտք եղած հաջորդականությամբ: Դա երկար է տեւում: Մասնագիտացվածի իմաստն այն է, որ այն կքննի կոնկրետ մի բնույթի գործեր: Արդյունքում կոռուպցիոն գործերը շատ ավելի արագ կլինեն եւ շատ ավելի պրոֆեսիոնալ, որովհետեւ գաղտնիք չէ, որ մենք ունենք նաեւ դատավորներ, որոնք էդ կարգի գործերում պրոֆեսիոնալ չեն: Էս պարագայում ենթադրվում է, որ պետք է հավաքվի պրոֆեսիոնալ կազմ, ովքեր էդ գործերից հասկանում են»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը:

 

Եթե դատարանների ստեղծման վերաբերյալ նրա կարծիքը դրական է, ապա նույնը չէ դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների հետ կապված: Ասում է՝ բարեվարքության հետ կապված քննադատության ենթարկել է նախարարին, Կառավարությանը:

 

«Այդ բարեվարքությունը ինձ համար համոզիչ չէ, որովհետեւ եթե դուք ասում եք, որ մենք հեսա գույքի հետ կապված հայտարարագրերը կուսումնասիրենք, եւ դրանով կհասնենք մեր նպատակին (մոտավորապես այդպես), ապա ես կարող եմ դրան հակադրել իմ 18-20 տարվա փորձը, որ դա չի ծառայելու իր նպատակին: Դատավորներ կան, որ շատ լավ պատվեր կատարողներ են, բայց դուք նայում եք իր գույքին՝ ամեն ինչ շատ նորմալ է: Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու, ո՞նց են կտրելու նախկին կապերը, որ դատավորը ունեցել է: Չեմ կարծում կհասնեն իրենց ցանկալի արդյունքին»,- ասաց Գյոզալյանը:

 

Ըստ նրա՝ վերջին երկու տարվա ընթացքում ներկա կառավարությունը բոլոր հնարավորություններն ուներ էդ խնդիրը լուծելու, չլուծեց: Եվ դրա վկայությունը, նրա համոզմամբ՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահի վերջին հայտարարությունն էր վնգստացող դատավորների մասին:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում

53