Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամբողջ հանրապետությունում մենք ունենք կադաստրային քարտեզների թերությունների և սխալների հետ կապված խնդիրը. այդ սխալները կազմում են սկսած մի քանի սանտիմետրերից մինչև 150, որոշ դեպքերում 180 մետր: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

«Սրանք մեծ խոչընդոտներ են, որովհետև մենք գիտենք, որ իրավունքը հաստատվում է նաև կապակցված բնության մեջ և յուրաքանչյուր հող պետք է ունենա իր ճշգրիտ կոորդինատները, որ մենք կարողանանք ինտեգրված և միասնական տարածական տվյալների համակարգ ներդնել։

2024-ին մենք շարունակել ենք քարտեզների ուղղման աշխատանքը և թվով 155 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում ենք իրականացրել։ 2022 թվականին 158-ն է եղել բնակավայրերի քանակը, 2023-ին 187-ն են եղել, և այս պահի դրությամբ մենք աշխատում ենք ևս 40 բնակավայրի վրա: Նպատակ ունենք մինչև 2026-ի կեսերը հասցնել առաջին փուլով կադաստրային քարտեզների ուղղումը կատարել:

Այս ուղումը չի նշանակում հարևանների մինչև սահմանի ուղղում, այլ սա նշանակում է ավելի մասսայական, գլոբալ, թաղամասային մակարդակով կադաստրային թաղամասերը իրենց տեղում տեղադրելու և համապատասխանաբար հնարավորություն ընձեռնելու, որպեսզի պետական ենթակառուցվածքները կարողանան ճիշտ տեղով անցկացվել, այլ ոչ թե ստեղծել հավելյալ պրոբլեմներ»,-ասաց նա՝ հավելելով, որ ուղղված հատվածներում քաղաքացիների դիմում-բողոքները նվազում են:

«Մենք պետք է գիտակցենք, որ օբյեկտը նույնականացնելու համար մեզ պետք է միասնական հասցեների ռեեստր ամբողջ հանրապետությունում: Այսինքն, երբ, օրինակ, եթե քաղաքացին կանչ է կատարում կամ որևէ ապրանք է պատվիրում իր հասցեով, ապա այդ հասցեն պետք է լինի նույնականացված և տարածքային կապակցում ունեցող, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ հասնել որևէ հասցե և համապատասխան ծառայությունը ավելի որակով մատուցել։

Այս ուղղությամբ 024 թվականը եղել է բեկումնային, մենք հնարավորության սահմաններում ամբողջովին, ինչքանով հնարավոր է եղել, հասցեները ստանդարտավորել ենք, ինտեգրել ենք քարտեզագրական համակարգին, ստեղծել ենք առանձին քարտեզագրական շերտ, և այդ շերտը հասանելիությունը ապահովել ենք արդեն իսկ համայնքներին:

Մոտ 1,2 մլն հասցեներ արդեն նույնականացված են ամբողջությամբ կան ինտեգրված են տվյալների բազայում, բայց մի ժամանակ ունենք շուրջ 400,000 հասցեի որոշումներ, որոնք գրեթե անհնար է նույնականացնել: 

 

Աղբյուրը՝ https://infoport.am/

348