Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։

 

  • Այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար, - ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։  
  • Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ  համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի  տրամադրվել են․ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:
  • Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։
  •  

 ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։  

 

 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։

 

Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։

 

  • Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք  վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, - հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է։
  •  

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

 

39