Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ընհանուր առմամբ Հայաստանի մոտեցումը հստակ ձևակերպված է. օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ: Օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն է և Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը»: «Խաղաղության խաչմերուկն» է մեր տեսլականը տարածաշրջանում ապաշրջափակման»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանն ընդգծեց, որ ՀՀ-ն խաղաղությունը չի խնդրում, այլ առաջարկում է խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին:
Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված 2 կետին՝ ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք առաջարկություններ ենք փոխանցել Ադրբեջանին և սպասում ենք արձագանքին այդ 2 հոդվածի շուրջ, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել: Իսկ ինչ վերաբերում է մեր գնահատականներին, ընդհանրապես մտահոգիչ են Բաքվից հնչող հայտարարությունները: Մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ և թռիչքներ են անցկացնում, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»:
Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ն վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծի տարածաշրջանում՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները. «Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները 3-րդ կողմի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգների»:
Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգի մասին ԱԽ քարտուղարն ասաց, որ բոլոր որոշումները հրապարակային են և գաղտնի ոչինչ չի կարող լինել: