Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարներին, ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի իրականացմանը և վիզաների ազատականացման հարցով բանակցություններին։ Հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մասնավորապես ասել է. 

 

Քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ: Կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, և հավանականությունը մեծ է, որ խորհրդարանն այն կընդունի: Դա հնարավորություն կտա սկսել Եվրամիությանն ավելի մոտ լինելու գործընթացը՝ իրավական տեսանկյունից: Մենք դա ցանկանում ենք, քանի ժողովրդավար պետություն ենք:

 

Այժմ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ, և վերջին տարիներին հսկայական դրական փոփոխություններ են կատարվել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Օրինակ՝ սկսել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն  մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Դա, իհարկե, երկար գործընթաց է, բայց մենք հուսով ենք, այն կստորագրվի հնարավորինս շուտ: Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Այժմ Հայաստանում է Եվրոպական քաղաքացիական առաքելությունը, ինչը նույնպես շատ կարևոր է: Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք: 

 

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, պարզ է, որ մենք ցանկանում ենք Եվրոպայի հետ ավելի մոտ լինել նաև տնտեսապես, միաժամանակ մենք ուզում ենք տնտեսապես կապ ունենալ նաև մեր տարածաշրջանի երկրների հետ:

 

Դժբախտաբար, մեր անկախությունից հետո մենք հայտնվեցինք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են: Հետևաբար տարածաշրջանային և գլոբալ փոփոխություններին դիմակայելու և մատակարարումների խնդիրները հաղթահարելու նխատակով համար մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է մեր տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցության միջոցները դարձնել ավելի արդյունավետ, ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություն ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, խորացնել մեր համագործակցությունն Իրանի ու Վրաստանի հետ: Եթե սա իրականացվի, նոր ուղի կստեղծվի Հայաստանից Եվրոպա: Տնտեսականից բացի, սա նաև անվտանգային հարց է: Ինչպես դուք նշեցիք, փոխկապակցվածությունը կարևոր գործոն է կայունության և անվտանգության համար:

 

Իհարկե, այս ծրագիրը կարող է գործել , երբ մենք կայուն խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Կարևոր է նաև Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատումը, ինչի ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք:

 

Մարդիկ ինձ հարցնում են՝ ես լավատե՞ս եմ, թե՞ հոռետես այս հարցում: Պետք է ասեմ, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. պարզապես պրագմատիկ եմ: Մենք պետք է աշխատենք մինչև հարցի լուծումը: Կարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, կենտրոնանալ նպատակի վրա, շարունակել աշխատել՝ առանց հետ կանգնելու ու հիասթափվելու: Իհարկե, այս հարցում մենք ունենք միջազգային հանրության աջակության կարիքը, և ես հույս ունեմ, որ այդ աջակցությունը կտրամադրվի»:

260