![](https://araratnews.am/admin/images/1738761803.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Դրական արդյունք են գրանցել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները. արձանագրվել է տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են «Կալաշնիկով» ինքնաձիգներ, ինքնաշեն կրակող սարք, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են հրացանի, գազային ատրճանակի, փամփշտաշղթայով ձեռքի գնդացրի և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։
Ձեռքի գնդացիր և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Կոտայքի բաժնի ոստիկանները. արձանագրվել է ողորկափող հրացան, «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկով» ինքնաձիգներ, ակոսափող հրազեն, որսորդական հրացան, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։