Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով:

Իր խոսքում Արարատ Միրզոյանն ասել է.

«Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:

Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:

Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:

Էսպեն Բարթ Էյդեն իր հերթին ասսել է.

«Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։

Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։

 

Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ»:

64