Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 8-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ փայտաշեն շենքում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է թիվ 8-րդ փայտաշեն շենքի 2-րդ հարկում և տանիքում։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Լրացուցիչ ժամանել են նաև Վանաձորի, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր ժամանելը քաղաքացիները և պարեկները քաղաքացիների օգնությամբ, հետո նրանց միացած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տարհանել են մի քանի քաղաքացու, իսկ բժիշկները 1 հոգու օգնություն են ցուցաբերել, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կնետրոն։

Դեպքի մասին տեղեկանալով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով ժամանել են մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի տեղակալի գլխավորությամբ։

Կրակի դեմ պայքարող մոտ 40 հրշեջներին օգնության են հասել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ՝ դեպքի վայր բերելով քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոաշտարակը։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներագրավել են նաև ՀՀ ՊՆ N զորմասի հրշեջ ավտոմեքենան և ջրատարը։

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են տարհանված քաղաքացիների, տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը, իսկ 1 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, անհայտ կորած է՝ որոնվում է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ վիրավոը 52-ամյա Մարգարիտա Ց․-ն , իսկ անհայտ կորածը 71-ամյա Արևիկ Մ․-ն։

227