
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ուղղված մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, մասնավորապես՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացվող պայմանների և պահանջների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիր գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամներ, անհատ կառուցապատողներ։
ՇՄՆ Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության հիմնահարցերը շինարարության ոլորտում, ապա անդրադարձել ոլորտը կարգավորող օրնսդրությանը։
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժի պետ Մեսրոպ Ավագյանը ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացված ստուգումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչը խոսել է մայրաքաղաքում իրականացվող մոնիթորինգային աշխատանքների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման՝ այդ թվում փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը, ինչպես նաև միջազգային փորձն այս ոլորտում։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի լուծման իրենց տեսակետները և պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքականություն մշակող գերատեսչություններին լուծման առաջարկներ ներկայացնել։