
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անդրադառնալով «Ֆաջր» 40-րդ միջազգային երաժշտական փառատոնում իրանցի և հայ արտիստների համատեղ ելույթին՝ Իրանում Հայաստանի դեսպանն ասաց. «Մենք Իրանի հետ համագործակցության և մշակութային ու գեղարվեստական հարաբերությունների զարգացման համար սահմաններ չունենք, և նման համատեղ ծրագրերը կավելացնենք», գրում է parstoday.ir-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության երաժշտական գրասենյակի ղեկավար Ահմադ Սադրիի ուղեկցությամբ Թեհրանի «Ռուդակի» սրահում դիտել է Իրանի և Հայաստանի համատեղ համերգը՝ երաժիշտներ Լևոն Թևանյանի և Արմեն Ասատրյանի կատարմամբ:
Շնորհակալություն հայտնելով «Ֆաջր» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներին՝ Հակոբյանն ասաց. «Նման միջոցառումները հնարավորություն են երկու երկրների համար լավ ճանաչելու միմյանց արվեստն ու մշակույթը։
«Ֆաջր» երաժշտական փառատոնում իրանցի և հայ երաժիշտների համատեղ ելույթի մասին նա ասաց. «Այն, ինչ մենք լսեցինք այս ներկայացման մեջ, իրանական և հայկական երաժշտության միաձուլումն էր։ Փառատոնը հնարավորություն ստեղծեց հայ երաժիշտներին իրանական երաժշտության կողքին ներկայացնել հայկական ազգային երաժշտության և բանահյուսության օրինակներ»:
Իրանում Հայաստանի դեսպանը, մատնանշելով, որ բազմաթիվ գաղափարներ ունի համատեղ մշակութային համագործակցության ոլորտում, հավելեց. «Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերում համագործակցության համար, և դուք կտեսնեք այդ գաղափարների իրականացումը ապագայում»։