Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։

Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև նախանշվել են իրականացման հետագա ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

177