Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն վեճերի եւ երկարատեւ հակամարտությունների կարգավորման համար, հատկապես այնտեղ, որտեղ խաղաղության հեռանկարը հասանելի է:

Հարավային Կովկասը հենց այդպիսի տարածաշրջան է, որտեղ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ հասանելի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հապաղել կամ ուշանալ կայունություն ապահովելու հարցում, եւ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. Հայաստանը հաստատակամորեն քայլում է դեպի խաղաղություն:

  • Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր` հաստատելու կայուն միջպետական հարաբերություններ:
  • Մենք հավատարիմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը:
  • Մենք պատրաստ ենք շարունակել սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացը՝ երկու երկրների կողմից անցյալ տարի ստորագրված, համաձայնեցված կանոնակարգի հիման վրա:
  • Մենք պատրաստ ենք երկխոսության՝ փոխադարձ մտահոգության բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար հարցերը քննարկելու համար:Իմ լավատեսությունը վերաբերում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Իրականում, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու եւ տնտեսական ու առեւտրային համագործակցություն խթանելու համար էական խոչընդոտներ չկան: Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար եւ սպասում ենք դրական ազդակների Թուրքիայից:

Խաղաղության հիմքը դրված է: Այժմ անհրաժեշտ է դադարեցնել բեմականացված պրովոկացիաները եւ արհեստական լարվածությունը: Փոխարենը, մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ խաղաղություն կառուցելու շուրջ: Ցանկացած ձգձգում ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր մեր ամբողջ տարածաշրջանի ապագայի համար:

Շնորհակալություն»:

303