
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Հորմուզի նեղուցի փակման դեպքում՝ աշխատելով այնպիսի լոգիստիկ նախագծերի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են «Միջին միջանցքը» և «Զարգացման ուղին»։ Այս մասին հայտնել է հանրապետության տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը։ Այս տարածաշրջանում են գտնվում նավթով և գազով հարուստ Բահրեյնը, Իրաքը, Իրանը, Քաթարը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան։
«Մեզ անհրաժեշտ են ցամաքային և ծովային ուղիներ՝ Հորմուզի նեղուցի փակման դեպքում։ Այդ պատճառով մենք անում ենք ամեն անհրաժեշտը «Միջին միջանցք» և «Զարգացման ուղի» նախագծերի իրականացման ուղղությամբ։ Մեր տարածքով է անցնում «Զարգացման ուղու» 2,1 հազար կմ-ը, մենք դրանում կներդնենք մոտ 24 մլրդ դոլար։ Մենք նաև ձգտում ենք ամրապնդել «Միջին միջանցքը», որի 2,2 հազար կմ-ն անցնում է մեր տարածքով։ Մենք ավարտել ենք դրա որոշակի հատվածների շինարարությունը»,- նախարարի խոսքն է մեջբերում «Հյուրիեթ» թերթը։
Ըստ Ուրալօղլուի, «Զարգացման ուղու» կառուցումից հետո բեռների՝ Եվրոպա առաքման ուղին կկրճատվի մինչև 25 օր, իսկ «Միջին միջանցքով»՝ մինչև 13 օր։
«Միջին (Անդրկասպյան) միջազգային տրանսպորտային երթուղին» անցնում է Չինաստանից՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջով դեպի Եվրոպայի երկրներ։ Փոխադրումներում ներգրավված են երկաթուղային և ծովային տրանսպորտը (Կասպից ծովով)։ Երթուղու երկարությունը 11 հազար կմ է, թողունակությունը՝ տարեկան 4,5 միլիոնից մինչև 27 միլիոն տոննա։