Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վատիկանից հայտարարել են, որ 88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը վատացել է, նրան երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։ Ինչպես նշվում է նոր զեկույցում, փետրվարի 18-ին պոնտիֆիկոսը ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիայի, որը ցույց է տվել սկսվող թոքաբորբ: Նոր ախտորոշումը պահանջում էր լրացուցիչ դեղորայքային թերապիա, նշել է Պապի մամուլի ծառայությունը։ Անցյալ շաբաթ՝ փետրվարի 14-ին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հոսպիտալացվել է Հռոմի «Gemelli» կլինիկա։ Ավելի ուշ պարզվել է, որ նա շնչուղիների պոլիմանրէային վարակ է ունեցել և հիվանդանոցում մնալու է «անորոշ ժամկետով»։ Երեքշաբթի օրը նրա շրջապատը վստահեցրել է, որ չնայած իր հիվանդությանը, Պապը «ունի լավ տրամադրություն»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013թ.. այժմ նա 88 տարեկան է. պատմության ամենատարեց պապերից մեկը: Մանկության տարիներին ապագա պոնտիֆիկոսի թոքի մի մասը հեռացրել են, ինչը նրան հատկապես խոցելի է դարձնում շնչառական հիվանդությունների նկատմամբ: