Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրի համայնքի նախկին ղեկավարը Սև Բերդ ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեներ, որոնց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրվել իրավունքի վկայականներ, որոնցում այդ հողերի նպատակային նշանակությունը նշվել է բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ այն դեպքում, երբ Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը հանդիսացել է հատուկ պահպանվող տարածքների հող:

2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով, ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ավելին, ապօրինի կերպով տարանջատված և օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետևանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:

Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4 մլն 900 հզր ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը Ս.Ջ.-ի կողմից փոխանցվել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը և տրվել իրավունքի պետական գրանցման վկայական: 

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը նպատակադրվել է Սև Բերդ ամրոցի հարակից հողատարածքի մի հատվածը ևս դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Արդյունքում՝ Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ դադարեցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, այն հետ է վերցվել նախարարությունից և նշված հասցեում գտնվող 19,28 հա հողի նկատմամբ գրանցվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարը նշված տարածքը բաժանել է 4 առանձին միավորների և Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների 1,17236 հա մակերեսով հողը ձևական աճուրդի միջոցով՝ 15 մլն 387 հզր 750 ՀՀ դրամով օտարել է Ս.Մ.-ին, որից հետո համայնքի նախկին ղեկավարի որդին՝ հոր և Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, հիշյալ հողի իրական բնույթը թաքցնելու նպատակով Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 16 մլն ՀՀ դրամ:

Համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը):

Համայնքի նախկին ղեկավարի որդու և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և հայտարարվել է հետախուզում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

277