Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ:

«Հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծի հիմնավորումների համաձայն, նման որոշում է կայացվել, որոհվետև «առողջապահական կազմակերպությունների նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, դրանք չեն համապատասխանեցվում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններին, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ապահովման տեսանկյունից։

Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար, քանզի ըստ ծառայությունների տեսակների, բժշկական ծառայությունների ծախսերի կառուցվածքում դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ծախսերը կազմում են միջինում 15-25% և եթե սրան ավելացնենք նաև առողջապահական  կազմակերպության անուղղակի (վերադիր) ծախսերը, ապա ծախսերի ոչ ճիշտ պլանավորման խնդիրը առավել ակնառու է դառնում։ Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազամկերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը։

Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունները»։

890