
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Armtimes.com-ը գրում է․ Ադրբեջանական իշխանամերձ լրատվականները հերթական կեղծիքն են տարածում՝ իբր «հայ նախկին գեներալը խոստովանում է, թե մասնակցություն է ունեցել Խոջալուի դեպքերին»։
Անիմաստ է նույնիսկ անդրադառնալ այն պնդմանը, որ նշված անձը երբևէ չի եղել և այժմ էլ չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ գեներալ, ուստի վերջինիս պնդումները մտացածին են, որևէ կապ չունեն իրականության հետ։
Տիկտոկյան հերթական «մենամարտերից» մեկում հավանաբար հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձը, որն այդ հարթակն օգտագործում է հասարակության տարբեր շերտերի թիրախավորելու, հայհոյանքներ տարածելու և դրանով գումար աշխատելու համար, իբրև «խոստովանում է», թե Խոջալուում ադրբեջանցիների է սպանել, և որ Ադրբեջանը իրեն փնտրում է։
Ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս ամոթալի ու անլուրջ երկխոսության տիրաժավորումը՝ որպես հայ «գեներալի» կողմից «ադրբեջանական կոտորածի» ապացույց, ևս մեկ անգամ գալիս է փաստելու, թե ինչ միֆերի վրա են հիմնված «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանական կողմի պնդումները։
«Տիկ-Տոկ» սոցիալական հարթակը մեզնում ընկալվում է որպես զվարճանքի, կարճ հոլովակներ դիտելու և ժամանցի միջոց, սակայն այս դեպքը գալիս է ապացուցելու, թե ինչպես հասարակության և պետության կյանքում որևէ էական դեր չխաղացող անձը կարող է օգտագործելով սոցիալական հարթակները՝ քարոզչական մակարդակում խնդիրներ առաջացնելով մեր պետության համար։
Սա ազդակ է նաև նմանատիպ կոնտենտ սպառող հասարակության շերտերին, որպեսզի վերջիններս առավել զգույշ լինեն և չտրվեն առաջին հայացքից «անլուրջ», սակայն ՀՀ-ի դեմ օգտագործվելու պոտենցյալ ունեցող մեդիակոնտենտ տարածելու գայթակղությանը։