Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կայանալիք այցի վերաբերյալ։ 

Քարոզիչը իրադարձությունը կապում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության և նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու վերաբերյալ ավելի վաղ Փաշինյանի արած հայտարարությունների հետ։ 

«Վարչապետի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման մասին հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան հայաստանյան իշխանությունների կողմից սկսված ռեյդերային արշավի քողարկում, որի նպատակը ընկերության զավթումն է և հետագայում թուրքերին հանձնելը։ Առկա տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է Aksa Energy ընկերությանը, որը պատկանում է Kazancı Holding-ին, իսկ դրա սեփականատեր Ջեմալ Քազանջին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերի գնմամբ»,- գրել է քարոզիչը։ 

Նա պնդել է, թե հիմնական միջնորդը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որը իբրև թե զբաղվում է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վերավաճառքով նույն թուրքերին։ 

Փաստացի, Արեշևը պնդում է անում՝ հղում անելով ինչ-որ «առկա տեղեկությունների», առանց վկայակոչելու հստակ աղբյուր կամ իր պնդումն ապացուցող որևէ փաստ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրներում, այդ թվում նաև նշված թուրքական ընկերության առցանց ռեսուրսներում Արեշևի պնդումը հաստատող փաստեր չհայտնաբերեց։ Ընկերությունը երբևէ առնվազն հրապարակային կերպով հետաքրքրված չի եղել Հայաստանում էներգետիկ նախագծերով։ 

Ավելին, տեղեկությունը հերքել է նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը՝ անվանելով այն զառանցանք։ 

Fip.am

357