
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության 4-րդ նիստին: Նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին: Նա ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները, անդրադարձել անելիքներին:
Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքներին և արդարադատության ոլորտին վերաբերող ԵՄ- Հայաստան երկխոսությունները, որոնք այս հարցերում մեր պետության զգալի առաջընթաց են արձանագրել։ Նախարարը խոսել է Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերից: Սրբուհի Գալյանը թվարկելով քայլերը՝ նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն ընթացիկ փուլում են, գործում է համապատասխան խորհուրդը, այժմ աշխատանքներ են տարվում սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:
Հաջորդ ոլորտը, նախարարի խոսքով, ընտրական բարեփոխումների ոլորտն է, նա անդրադարձել է ընտրական օրենսդրությունում ընդունված փոփոխությունների փաթեթին, որի համաձայն շեշտադրվել են անձանց, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, նրանց ընձեռվել է հավասար հնարավորություն` մասնակցելու ընտրական գործընթացներին:
«Այս օրենսդրական փաթեթի շեշտադրումը կուսակցությունների ֆինանսավորումն է: Կուսակցություններին տրվել է հավասար ֆինանսավորում ստանալու հնարավորություն, իսկ հաջորդ կարևոր քայլը, որը նաև նախատեսված է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակում, մեր օրենսդրության մոտարկումն է Եվրոպական Միության օրենսդրությանը ,և այս ուղղությամբ ևս արդեն քայլեր են ձեռնարկվել 2024 թվականի ընթացքում և 30-ից ավել օրենսդրական նախագծեր արդեն իսկ մոտարկված են ԵՄ օրենսդրությանը »,- ընդգծել է նախարարը: Նա անդրադարձել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտին՝ նշելով, որ այժմ մշակվում է առանձին ինստիտուտ ստեղծելու հայեցակարգ, այդ ինստիտուտը պատասխանատու է լինելու անձնական տվյալների պաշտպանության համար: Նա տեղեկացրել է, որ մշակվել է նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծ և ներկայում այն գտնվում է քննարկումների փուլում:
Նախարարն անդրադրձել է ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովների հետ գործընկերային և արդյունավետ աշխատանքին՝ նշելով, որ բացի նշված նախագծերից նաև քայլեր պետք է ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից դատական արդարադատության իրականացման մատչելիության ապահովման մասով և ներկա պահին քննարկվում է այս անձանց պետական տուրքից ազատելու կամ առնվազն պետական տուրքի տարաժամկետ վճարման հարցը:
Նախարարն անդրադարձել է ՄԻԵԴ-ի որոշումներին՝ հավաստելով, որ դրանց կատարման գործընթացը մեր երկրում շարունակական է և այդ ուղղությամբ քայլեր ևս ձեռնարկվում են:
Նախարարը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում իրավապահ մարմինների և դատարանների համար մշակվել է խտրականության և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդական ուղեցույց, որը շուտով կհանձնվի իրավապահ մարմինների աշխատակիցների դատին:
«Արդարադատության ակադեմիան այս ոլորտներում պարբերական դասընթացներ է իրականացնում և մեր քննիչները, դատախազները, դատավորները ինչպես նաև այս պաշտոնների հավակնորդ-թեկնածուները, ոստիկանները վերապատրաստվում են այս ուղղություններով։ Ապագայում հանդես կգանք առանձին ռազմավարություն ունենալու նախաձեռնությամբ, որը կշեշտադրի հենց իրավահավասարությունը և խտրականության դեմ պայքարը ,և էլ ավելի մեծ թափով հանրային իրազեկման արշավներ կկազմակերպվի այս ուղղությամբ՝ ընդգծելով բոլոր անձանց իրավահավասարության և խտրականությունից զերծ լինելու անշեղ սկզբունքները»,-նշել է Սրբուհի Գալյանը: Նա ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացված քայլերը՝ ընդգծելով թվայնացման օրակարգը, անդրադարձել է նաև վեճերի այլընտրանքային լուծման գործող մեխանիզմներին: «Արդարադատության ոլորտում անելիքները բազմաթիվ են և ստանձնած քաղաքական հանձնառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը՝ այն է. արդարադատությունը պետք է սպասարկի արդարության շահը և վերջնարդյունքում «արդարություն» և «արդարադատություն» հասկացությունները նույնանան: Դրա համար մենք պետք է առաջնորդվենք արդարադատության ստանդարտների սահմանման ճանապարհով և այս ստանդարտները պետք է ներառեն գործի քննության չափորոշիչների մշակումը և այդ գործերը քննող անձանց համար որոշակի չափանիշների սահմանումը»,-ասել է նախարարը:
Նա ներկայացրել է նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ոլորտներին առնչվող տեղեկատվություն՝ ասելով, որ խնդիր է դրվել ունենալ նոր բանտային համակարգ, ինչը ոչ միայն նոր շենքային պայմաններ է ենթադրում, այլև՝ նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ: Նախարարը նշել է, որ այս փոփոխություններից անմասն չպետք է մնա Պրոբացիայի ծառայությունը:
«Մեր օրենսդրությունը շեշտադրել է վերականգնողական արդարադատությունը և վերականգնողական արդարադատության իրականացման համատեքստում՝ պրոբացիայի ծառայության գործունեությունը, որն իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցները և այլընտրանքային պատիժները և մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնելու նաև Պրոբացիայի ծառայության կարողությունները»,-եզրափակել է նախարարը»
Նիստին քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության միջոցով և դիվերսիֆիկացիան: Օրակարգում է եղել ԵՄ-Հայաստան համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների և Հայաստանի ու իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցը: