
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կապիտալի շուկայի զարգացման նպատակով դեռևս 2020 թվականին ընդունված օրենքով մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերը, դրանցից ստացված եկամուտն ազատվում էր եկամտային հարկից: Այդ արտոնության ժամկետ էր սահմանված 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է այդ արտոնությունը երկարաձգել ևս երեք տարով:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այդ փոփոխություններն առաջարկվում են Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ երեք տարի ժամկետով մասնավոր պարտատոմսերը կազատվեն եկամտային հարկի վճարումից, և այդ դրույթը կտարածվի 2025 թվականի հունվարի մեկից հետո ծագած հարաբերությունների վրա: Այսինքն՝ նախագիծն ունի հետադարձ բարելավող դրույթ:
Կառավարությունը կողմ է այս տարբերակով խնդրի լուծմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը և հավելել, որ առանձին դրույթներ դեռևս կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա՝ նպատակն է ունենալ կանխատեսելի միջավայր ներդրումային քաղաքակիրթ գործիքների լայն շրջանակով կիրառության համար և միևնույն ժամանակ ունենալ հարկման հավասար կանոններ այն իմաստով, որ միմյանց այլընտրանք համարվող ֆինանսական գործիքներից ստացվող միատեսակ եկամուտները հարկվեն միատեսակ կանոններով:
Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ոլորտի ընկերությունների կողմից կան բազմաթիվ առաջարկներ: Առաջինից երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային քննարկում և կարվեն անհրաժեշտ շտկումները:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: