
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա երկու տարիներին՝ 2025-ին և 2026-ին, Հայաստանի կառավարությունը նոր պարտատոմսերի թողարկում չի նախատեսում։
«Մենք հաջողությամբ իրականացրել ենք Եվրոբոնդերի թողարկում՝ 750 մլն դոլարի չափով։ Տոկոսադրույքը կազմել է 7.1%, ինչը մրցունակ ցուցանիշ է։ Եվրոբոնդերը, որպես կանոն, գնահատվում են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների համեմատությամբ և համարվում են ուղենիշային գործիքներ։ Այս թողարկման ժամանակ մեր սփրեդը կազմել է 2.86 տոկոսային կետ, ինչը գրեթե նույն մակարդակն է, ինչ մեր նախորդ թողարկման ժամանակ։ Մինչդեռ մեր նման երկրների դեպքում՝ շուկայում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով, սփրեդերը էականորեն աճել են»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի թողարկած Եվրոբոնդերի նկատմամբ հետաքրքրությունը շատ բարձր է եղել. պահանջարկը շուրջ երեք անգամ գերազանցել է թողարկված ծավալը։ «Երբ նայում ենք շուկային, նկատում ենք, որ նմանատիպ երկրներ՝ Ուզբեկստան, Ռումինիա, Թուրքիա, Հորդանան, Վրաստան, պարտատոմսեր են թողարկում զգալիորեն ավելի բարձր տոկոսադրույքներով։ Սա վկայում է մեր երկրի նկատմամբ առկա վստահության մասին»,- հավելեց Հովհաննիսյանը։