Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանը Սումգայիթի հայության ջարդերի  տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ 

-Պարոն Գաբրիելյան, 37 տարի առաջ այս օրերին Սումգայիթի հայությունը ենթարկվեց մինչ այդ ամբողջ ԽՍՀՄ-ում աննախադեպ կոտորածի, որը կարելի է որակել որպես ցեղասպանություն։ Արդյո՞ք հնարավոր էր ակնկալել նման զարգացում ԽՍՀՄ-ում «ժողովուրդների եղբայրության» գերակայության պայմաններում։

-Միանշանակ, մեզ ոչինչ չի խանգարում 1988թ․ փետրվարի 27-29 Սումգայիթում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանական ակտ, որը փաստացի սկիզբ դրեց պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպանության հերթական շղթային։ Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք նշելու, որ անցած դարի ընթացքում մի քանի անգամ հայությունը ենթարկվել է շղթայական կոտորածների․ 1905-1906թթ․ թաթարա-հայկական բախումները իրականում ոչ այլ ինչ էին, եթե ոչ հայության հանդեպ հրահրված էթնիկ ատելության հողի վրա բռնկված տեղային կոտորածներ կամ կոտորածների փորձեր, որոնք, սկսվելով Բաքվից, տարածվեցին ամբողջ երկրամասում։ Այս գործողությունների մեջ մենք արդեն հստակ տեսնում ենք սաղմնավորվող ռասիզմ հայկականության նկատմամբ՝ թե՛ էթնիկ, թե՛ կրոնական հողի վրա, որն է՛լ ավելի վտանգավոր կերպեր ընդունեց 1918-1920թթ․ պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջան պետության հռչակումից հետո։ 1918թ․ Բաքվի հայության սահմռկեցուցիչ կոտորածը, Նուխիի, Արեշի, Գանձակի, Շաքիի, Շամքորի հայության նկատմամբ համակարգային բռնությունները, 1920թ․ Շուշիի կոտորածը հստակ ցուցիչն էին այն բանի, որ հայության ֆիզիկական ոչնչացումը վերածվել էր նորահռչակ պետության քաղաքական առաջնահերթության։ Հայության հանդեպ կոտորածների այս երկու հաջորդական շղթաներից հետո այսօր, ըստ էության, դժվար չէ ենթադրել, որ վարչակարգերն ամենևին էական չեն, եթե խոսք է գնում Ադրբեջանի մասին։ Իհարկե, 1988թ․, երբ Լեռնային Ղարաբաղի հայությունը իր արդար բողոքի ձայնն էր բարձրացնում տասնամյակների ապօրինությունների դեմ և դուրս էր եկել քաղաքակիրթ և իրավական պայքարի, սումգայիթյան իրադարձությունները սառը ցնցուղի ներգործություն ունեցան, որով ադրբեջանական իշխանությունները հստակորեն սպառնացին՝ դադարեցնել պայքարը։ 

-Պարոն Գաբրիելյան, անցած տարիների ընթացքում շատ է խոսվել սումգայիթյան ոճիրների մասին, սակայն, կարծես թե, թեման ամենևին չի սպառվում։ Ի՞նչ տեղի ունեցավ Սումգայիթում, արդյոք տեղի հայությունը սպասո՞ւմ էր նման իրադարձության։ 

-Սումգայիթում 1988թ. փետրվարի 26-ին Սումգայիթի քաղաքային կոմիտեի մոտ տեղի ունեցավ միտինգ, որն իր սուր ծայրով ուղղվեց քաղաքի հայության դեմ։ Նման զարգացումը չէր կարող պատահական լինել, այն խնամքով նախապատրաստված էր։ Այնուհետև բառի բուն իմաստով գրոհ սկսվեց քաղաքի հայ բնակիչների դեմ՝ սարսափելի բռնություններով, սպանություններով, հրկիզումներով, բնակարանների թալանով և ագրեսորների ատելության սոսկալի դրսևորումներով: Իշխանությունների ուղղակի խրախուսմամբ Սումգայիթում շարունակվող եռօրյա անպատիժ ագրեսիայի ընթացքում արագորեն արտահայտվեցին ռասիզմի բոլոր դասական  դրսևորումները։ Դրանց պարզ դրսևորումներն էին հակահայկական կարգախոսները «մահ հայերին», «Հայեր, ռադ եղեք», «Մեզ հայերի գլուխներն են պետք»։ Այս կարգախոսները հետագայում հնչում էին Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բոլոր հրապարակային հավաքների և փողոցային երթերի ժամանակ:  Այն, որ Սումգայիթի հայության ջարդերը կազմակերպված էին ադրբեջանական իշխանությունների կողմից, խոստովանում են անգամ իրենք․ այսպես՝ սումգայիթյան ջարդերի ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազ Իլյաս Իսմայիլովը 2003թ․ նշել է, որ «Սումգայիթում մարդկանց ջարդերի հրահրողներն այս պահին իրենց գրպաններում պատգամավորական մանդատներ ունեն և նստում են Միլլի Մեջլիսում»։ Սումգայիթում արձանագրվել են հայության հանդեպ ֆիզիկական բռնության գրեթե բոլոր հնարավոր ձևերը՝ ծեծ, սպանություն, գլխատում, այրում, որևէ օգնության կամ պաշտպանության բացառում, բնակարանների թալան, կողոպուտ և այլն։ Սումգայիթի կոտորածները վերապարածների վկայությունները սարսափելի տեսարաններ են այն մասին, թե ինչպես կարող է գործել պետական ռասիզմը։

-Անցած 37 տարիների ընթացքում փաստորեն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել Սումգայիթի հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունների համար։

-Սումգայիթի գործով դատական պրոցեսներ ընթացան, սակայն դրանք իրականում ոչ թե դատավարություններ էին, այլ դրանց անհաջող իմիտացիա, որը ոչ միայն չբացահայտեց այդ ցեղասպանության կազմակերպիչներին, այլև իր ամբողջության մեջ չարձանագրեց տեղի ունեցածը։ Իսկ ադրբեջանական պաշտոնական մամուլը հայտարարեց, որ «քրեածին տարրերի կողմից Սումգայիթի հայ բնակչության հանդեպ կատարվել են խուլիգանական գործողություններ և իշխանություններն ամեն ինչ անում են՝ դրությունը կայունացնելու համար», սակայն սումգայիթյան «խուլիգանության» կատարողները արագորեն հերոսացվեցին։ Մի երևույթ, որն ամենևին խորթ չէ ադրբեջանական իշխանություններին։ Սակայն խնդիրը տվյալ պարագայում ոչ թե կամ ոչ միայն հայությանը անմիջական ֆիզիկական բռնության ենթարկածների պատիժն է, այլ այն վարչակարգի, որը կանգնած է այդ գործողությունների թիկունքում։ Դժվար չէ նկատել, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ադրբեջանում տեղի է ունենում քրեածին վարչակարգի պարբերական վերարտադրություն, որը հանդիսանում է ռասիզմի գեներացման, հակահայկականության պետականացման, էթնիկ զտումների, էթնոցիդի աղբյուր։ 

-Պարոն Գաբրիելյան, ձեր միությունը՝ որպես 1988-1992թթ․ հայ փախստականության իրավունքների խնդրով զբաղվող կազմակերպություն, ինչ տեսլական ունի սումգայիթյան ցեղասպանության և Սումգայիթի փախստականների խնդրի վերաբերյալ։

-Մենք բազմիցս բարձրաձայնել ենք ինչպես Սումգայիթի, այնպես էլ 1988-1992թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայության հանդեպ էթնիկ զտումների իրականացման պատասխանատուների պատժի ու պատասխանատվության կարևորության մասին թե՛ միջազգային կազմակերպություններին հղած մեր նամակներով և կոչերով, թե՛ միջազգային իրավարար կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին մեր  մասնակցության ժամանակ։ Սումգայիթը սկիզբն է Ադրբեջանում հակահայկականության հերթական արշավի, որի վերջնարդյունքում այսօր ոչ մի հայ այդ պատմական երկրամասերում չի ապրում և չի կարող ապրել, քանի դեռ Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը քաղաքական հայրենասիրության քողով փաթեթավորված հակահայկականությունն է։ Մենք մշտապես պահանջում ենք միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս ցեղասպանածին երևույթին և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Միայն այդ պարագայում է հնարավոր խոսել հայ փախստականության իրավունքների հնարավոր վերականգնման մասին բացառապես միջազգային երաշխիքների և անվտանգության ապահովման պարագայում։ 

201