
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սերժ Սարգսյանին Իսակովի Պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել: ՀՀ Քննչական կոմիտեից Araratnews-ի հետ զրույցում չմեկնաբանեցին տեղեկությունը։
Նշենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ըստ քրեական գործի՝ այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Այս դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատվել են Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան: Վաչագան Ղազարյանի և Արմեն Սարգսյանի մեղադրանքններում շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը:
Հիշեցնենք՝ «դիզվառելիքի գործով» Սերժ Սարգսյանն արդարացվել էր․ նա մեղադրվում էր նրա համար, որ նա, «2008-2018թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարում»։