Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«2018-ի ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, երբ դեռ վարչապետ չէր, բայց արդեն պարզ էր, որ ինքը պիտի լիներ. զանգել եմ, որովհետեւ ինձ տարբեր մարդիկ, մեր ընդհանուր ծանոթները դիմում էին, ասում էին՝ մի հատ դու էլ ասա, ոնց որ վիճակը ձեռքից գնում է»:

Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ես զանգեցի և ասում եմ՝ դու վիճակը ո՞նց ես գնահատում, խնդիր է, ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում, ձնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն, վերահսկողությունը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ինձ դա զարմացրեց, ասացի՝ վստա՞հ ես։ Երևի մի երկու անգամ ես նույն հարցը կրկնեցի, շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց, հինգ-վեց օր հետո։ Հիմա, երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես խնդիր չի տեսնում, ես ի՞նչ պիտի անեմ։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել։

Ես մինչև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իր հետ բավական երկար ժամանակ։ Ես, վիճակից ելնելով, համարեցի, որ, այնուամենայնիվ, պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն։

Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Ավել բան չեմ ասելու, բայց եթե խոսացնեն, ավել բաներ էլ կասեմ։ Խոսացնողը մարդիկ են, որոնք այդ ժամանակվա իրադարձություններին երևի խոհանոցային ինչ-որ հարցերին տեղյակ չեն, բայց օդից բաներ են հնչեցնում»,- ասել է նա։

399