
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 4-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ․ Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։