
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են ունեցել զեկույցի հանրային քննարկումներ:
ՀՊԴ 49-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Պատվիրակության կազմում էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԱԳՆ և ՆԳՆ ներկայացուցիչներ:
ՀՊԴ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ: ՀՀ պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման վերաբերյալ Հայաստանում գրանցված առաջընթացը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 115.000 բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իարվունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները:
ՀՀ պատվիրակությունը հավաստիացրել է, որ Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով: