Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 14-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations Committee against Torture) աշխատանքային հանդիպմանը։ 

Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:

Պաշտպանն անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող աշխատանքներին, Հայաստանի Հանրապետությունում ոլորտում առկա խնդիրներին:

Նշենք, որ Պաշտպանը ներկայացրել է այլընտրանքային զեկույց (https://shorturl.at/UDNvg)՝ պետության կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2024 թվականների ժամանակահատվածը՝ ներառելով ինչպես ոլորտի դրական շարժընթացը, այնպես էլ առկա մարտահրավերները:

Զեկույցը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ գնահատականը, որը հիմնված է մշտադիտարկման, դրա արդյունքների փաստաթղթավորման և վերլուծության վրա: Այն անդրադառնում է կարևորագույն հարցերի, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը, կալանքի կիրառության պրակտիկային, ազատությունից զրկման պայմաններին, հոգեբուժական և խնամքի հաստատություններում առկա խնդիրներին, արդարադատության մատչելիությանը, ընտանեկան բռնության ոլորտում առկա խնդիրներին, վատ վերաբերմունքի կանխարգելմանն ու խոշտանգումների արգելքին վերաբերող այլ հարցերի:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը և վերահաստատում է հաստատության հանձնառությունը Հայաստանում մարդու արժանապատվության հարգումն ու խոշտանգումների բացարձակ արգելքն ապահովելու համատեքստում։

98