
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է դաշնակահար Անահիտ Դիլբարյանին:
Հայ դասական երաժշտության զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև մշակութային գործունեության և բարձր կատարողական վարպետության համար Դանիել Դանիելյանն Անահիտ Դիլբարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ պատվոգրով:
Շնորհակալություն հայտնելով հայ երաժշտարվեստի զարգացմանը նպաստ բերելու համար՝ նախարարի տեղակալը նշել է. «Ձեր աշխատանքը կարևոր է ոչ միայն ոլորտի, այլև պետության առաջընթացի տեսանկյունից: Դուք աշխարհի տարբեր բեմերում բարձր կատարողական վարպետությամբ լսելի եք դարձնում մեր երաժշտությունը՝ միաժամանակ նպաստելով դրա զարգացմանը»:
Անահիտ Դիլբարյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ ընդգծելով, որ միջազգային բեմերում ելույթ ունենալիս, ի թիվս բազմաթիվ ստեղծագործությունների, հատկապես կարևորում է հայկական երաժշտության՝ հայ կոմպոզիտորների գործերի կատարումը, որը մշտապես դրական արձագանք է ստանում:
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել դաշնակահարուհու առաջիկա ծրագրերի, նախատեսվող ելույթների, համագործակցության շրջանակի և այլնի մասին: