
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է գնահատել ԶՖԳ դերը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, այդ թվում` հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավման, մասնավոր հատվածի ֆինանսավորման և կառավարման առավել թափանցիկ մեխանիզմների ներդրման և մի շարք այլ կարևոր ուղղություններով:
Զրուցակիցները կարևորել են նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին` երկուստեք ընդգծելով ջրամբարի` ընթացիկ տարում շահագործման հանձնելու կարևորությունը։
Բարձր գնահատելով այս ուղղությամբ ՀՀ հետ ձևավորված սերտ համագործակցությունը` ԶՖԳ գլխավոր տնօրենը վերահաստատել է կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում մասնակցություն ունենալու գործակալության պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին, ի թիվս ընթացիկ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին մեկնարկել Հայաստան-ԶՖԳ ռազմավարական գործակցության 2026-2027թթ. գործողությունների ծրագրի մշակման նպատակով աշխատանքային հանդիպումները։