Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։



Հույզերը մարդու բնազդի կարևոր բաղադրիչն են:

Դրանք ձևավորվում են կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ազդակների շնորհիվ և թույլ են տալիս մեզ զգալ ինչպես հաճելի, այնպես էլ՝ տհաճ ապրումներ:

Տպավորվելու ունակությունը արաջանում է անկախ մեր կամքից. այն հիմնված է գլխուղեղում տեղի ունեցող բարդ ֆիզիոլոգիական պրոցեսների վրա: Սակայն, մենք հակված ենք հետաքրքրություն ցուցաբերելու տարբեր իրավիճակների թողած ազդեցության նկատմամբ։

Բնական աղետները, պատերազմները, ներքաղաքական ճգնաժամերը և այլ զանգվածային իրադարձություններ անխուսափելիորեն անդրադառնում են մարդու հուզական աշխարհի վրա: Դրանք հաճախ թողնում են խորը ազդեցություն, որից մարդիկ դժվարությամբ են ձերբազատվում։

Սթրեսի հոգեբանական դրսևորումներն արտահայտվում են տարաբնույթ բացասական ռեակցիաներով, վարքային խանգարումներով և տրամաբանելու կարողության նվազումով: Այս երևույթները կարող են արտահայտվել ագրեսիայով, անվստահությամբ, կոպտությամբ և այլ ոչ դրական հուզական վիճակներով, որոնք հեշտությամբ փոխանցվում են շրջապատին:

Արդյունքում, այս ամենը, մի քանի փուլ անցնելուց հետո, վերածվում է ինչպես խմբային, այնպես էլ անձնային խնդիրների։

Անձնային խնդիրները, իրենց հերթին, ազդում են մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ընտանիքից մինչև աշխատանք և այլ հարաբերություններ։

Այսպիսով, մենք հասկանում ենք, որ մեզ տպավորող բոլոր իրավիճակները, որոնց նկատմամբ ցուցաբերում ենք հետաքրքրություն, կառչում այդ զգացողությունից՝ բացասական լինելու դեպքում կարող են ազդել ոչ միայն մեր հոգեկան վիճակի, այլև մեր կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը, տարածվելով անհատից անհատ, ձևավորում է նաև հասարակության ընդհանուր հուզական մթնոլորտը։

Ցավոք, մենք հաճախ դառնում ենք բացասական հույզերի և տեղեկատվության կրողներ և, պահպանելով հետաքրքրությունը տվյալ երևույթի նկատմամբ, նպաստում ենք դրա տարածմանը՝ ստեղծելով փակ շղթա։

Ստացվում է, որ արտաքին գործոնների ազդեցությամբ մեր հուզական կայունությունը խախտվում է, և եթե չենք հաղթահարում նմանատիպ սթրեսային իրավիճակները, մեծ է հավանականությունը, որ ձեռք կբերենք հոգեբանական տրավմա։

Կարևոր է չանտեսել կոլեկտիվ տրավմատիկ իրադարձությունների, ինֆորմացիայի ազդեցության ուժը: Անգամ մեզանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ ընթացող պատերազմի մասին տեղեկատվությունն իր հետևանքներն է թողնում մեր հոգեվիճակի վրա։ Սակայն, եթե գիտակցենք սա, կարող ենք հնարավորինս կա՛մ պաշտպանվել դրանից, կա՛մ աշխատել հաղթահարել հետևանքները։

Անձնային խնդիրների լուծման լավագույն «բանալին» ինքնագնահատականի օբյեկտիվ վերլուծություն է, դրական կողմերի բացահայտումն ու ամրապնդումը։ Այս մոտեցումը կօգնի բարձրացնել մեր ինքնագնահատականը։

Բնականաբար, այս գործընթացը հեշտ չէ, ուստի անհրաժեշտության դեպքում ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը։


«Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն՝ Սոֆյա Սողոյան

317