
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան–Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։
«Նմանօրինակ բացառիկ հարթակներում մշակութային միջոցառումների անցկացումը կրում է խորհրդանշական և խորքային մշակութային նշանակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև շեշտել է՝ Հայաստան–Իրան հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, իսկ Ֆարսի նահանգը՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, կարող է ծառայել որպես եզակի կամուրջ երկու ժողովուրդների միջև։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ այն երկրի հնագույն և լավագույնս ինտեգրված համայնքներից է։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրներում հավատարմագրված դեսպանների արդյունավետ աշխատանքն ու մեծ դերակատարումը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջմարզային համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքներից մեկը մոտ ապագայում նախատեսվում է հռչակել Շիրազի քույր քաղաք։
Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր: Նա ընդգծել է՝ երկու երկրների պատմական և մշակութային կապերը պարտավորեցնում են շարունակաբար զարգացնել և խորացնել համագործակցությունը։
Նահանգապետը հատուկ կարևորել է նաև Պերսեպոլիսում նախատեսված համերգի նշանակությունը՝ շեշտելով, որ այն բացառիկ առիթ է, որը վկայում է երկու ժողովուրդների մշակութային փոխհարստացման մասին և կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
«Երաժշտությունը սրտի լեզու է, և լավ է, որ այս հարաբերություններն ամրպնդվում են երաժշտությամբ»,- ասել է նահանգապետը:
Ամփոփելով խոսքը՝ Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան–Իրան հարաբերությունների խորացմանը, հատկապես մշակութային և միջմարզային համագործակցության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆարս նահանգում մշակութային նոր ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի խորացմանը՝ ներառյալ համատեղ ցուցահանդեսներ, պատմամշակութային թեմատիկ նախաձեռնություններ և համերգային ծրագրեր։