
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում այս տարվա հուլիսին բացված Թումո կենտրոն։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթական մոդելի հասանելիության ընդլայնմանը և հայաստանյան հաջող փորձի տարածմանը։ Ճապոնիայի նորաբաց Թումոն գործում է տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնում (G Messe Gunma)՝ Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ:
Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես՝ նշվել է, որ նախատեսվում է նոր Թումո տուփեր և կենտրոններ գործարկել Ճապոնիայի Մաեբասի և Կուսացու քաղաքներում` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելով ավելի մեծ թվով պատանիների համար:
Շարունակելով ընդլայնել միջազգային աշխարհագրությունը՝ այս տարվա ընթացքում կգործարկվի Թումոյի ցանցի ևս 9 կենտրոն՝ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում և Պորտուգալիայում: Այժմ գործում են 11 միջազգային Թումո կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ալբանիայում և այլուր:
Թումո Գունմայի բացումը տեղի է ունեցել «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի օրերին: Կենտրոնն այս պահին ընդունում է տարեկան շուրջ 3000 ուսանողի. ամբողջական գործարկումից հետո այն կկարողանա սպասարկել տարեկան շուրջ 9400 սովորողի: