Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հուշիկ Հովհաննիսյանի և ՊԾ Արագածոտննի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ: 
 
Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ: 

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները սպասում են, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները և քննչական կոմիտեի փորձաքրեագետը, որպեսզի ոսկրային հատվածներն ու գանգը տեղափոխեն անվտանգ վայր: 
 
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Այս պահին հնարավոր չէ պարզել ո՛չ ինքնությունը, ոչ էլ տղամարդ է եղել, թե կին: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

806