Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:

Նամակը Araratnews.am-ը մեջբերում է կոալիցայի պաշտոնական էջից։

Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ լրանում է նրա հացադուլի 21-րդ օրը, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է ադրբեջանական կալանքի տակ։

Բաց նամակի տակ ստորագրածները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ են արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը:

Նամակում քրիստոնյա առաջնորդները գրել են.

«Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել՝ ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի իրենց նախնիների տներից հանելով, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են խոշտանգումների: Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»։

Նրանք նաև հիշեցրել են նախագահ Թրամփի նախկին աջակցությունը Հայաստանին և հալածված քրիստոնյաներին՝ նշելով.

«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր և հստակ ուղերձ հղեց նրանց, ովքեր կխաթարեն Հայաստանի անվտանգությունը և նրանց հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»:

Հայտարարությունը, որը վկայակոչել են ստորագրողները, Թրամփի Truth սոցիալական ցանցում 2024 թվականի հոկտեմբերի 23-ի գրառումն է, որտեղ ասվում էր. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

241