Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանն ընդունել են 2025թ. մարտի 11-14-ը Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ քննարկելով Հանրային ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստով հաստատված՝ «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագիրն ու դրա առաջնահերթ ուղղությունները:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծել է ծրագրի կարևորությունը նախարարության համար՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից առանցքային միջոցառումներ են ներառված ծրագրում:

Վարկային ծրագրի բաղադրիչներով նախատեսվում է․

Դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում և դատարանի տիպային մոդելի մշակում՝ ըստ մասնագիտացումների և ատյանների,

ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում,

դատարանների շենքերի բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում,

դատական թվային ենթակառուցվածքների համար անխափան և անվտանգ միջավայրի ստանդարտների մշակում և կիրառում,

ընտրված դատարանների շենքերի կառուցում,

դատարանների շենքերի պահպանման ռազմավարության մշակում և այլն:

Այցի շրջանակում ՀՀ ԱՆ կողմից տվյալ ծրագրի համակարգող Լիանա Թովմասյանի մասնակցությամբ քննարկումներ են եղել նաև Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հիմնականում քննարկվել է ծրագրի ընդհանուր շրջանակը, ինչպես նաև ֆինանսական հատկացումներին, ակնկալվող արդյունքներին առնչվող հարցեր:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդգծել է այցի արդյունավետության բարձր մակարդակը՝ կարևորելով ծրագրի նախապատրաստման առանցքային կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

77