
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նախարարը շնորհավորել է գործընկերներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումները։
Անդրադառնալով 2027 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է այդ խոշոր միջոցառման նախապատրաստական փուլում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը:
«Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի: Մենք տպավորված ենք Փարիզի օլիմպիական խաղերով, որի իրականացումը լավագույն օրինակ էր»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը ևս կանցկացվեն կազմակերպական պատշաճ մակարդակով:
Ավելին՝ https://escs.am/am/news/28105