
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Լիահույս եմ, որ գալիք տարին Իրանի ժողովրդի համար կնշանավորվի նոր ձեռքբերումներով, իսկ Հայաստանի և Իրանի միջև ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ նորանոր հաջողություններ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում:
Հայաստանը մեծապես կարևորում է քաղաքակրթական ընդհանրությունների, բարիդրացիության և փոխվստահության վրա հիմնված հայ-իրանական բազմադարյա կապերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»,- ասվում է ուղերձում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Լիահույս եմ, որ նոր տարին Իրանի համար կդառնա տնտեսական կայունության և առաջընթացի տարի, իսկ մեր երկրների արդյունավետ և սերտ համագործակցության շնորհիվ կշարունակեն կյանքի կոչվել տարբեր ոլորտներին առնչվող պայմանավորվածություններն ու նախագծերը:
Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ կարևորելով համատեղ ջանքերի գործադրմամբ փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում: