
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում:
Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի մաս կազմող Բարգուշատի թունելի կառուցմանն ուղղված ծրագրի հետագա ընթացքն ապահովելու հարցը: Ապա, անդրադառնալով Հայաստանին քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի թեմային, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Ենթածրագիր 3-ի մշակման աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, և վերջինիս շրջանակներում ներգրավվելիք միջոցները կուղղվեն ՀՀ 2025 թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը և հայտնել ապագայում փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: