Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում՝ կապված Մարգարա սահմանային անցակետի բացման հետ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում լայնորեն տարածված տեղեկությունն առ այն, թե իբր Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացված չի եղել Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացվել են Սիրիա մարդասիրական օգնություն Հայաստանից ուղարկելու մասին։

«2025 թվականի փետրվարի 24-ին Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովին դեսպան Սերդար Քըլըչը ուղղակիորեն տեղեկացրել է մեր երկրի տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու Հայաստանի ցանկության մասին, 2025 թվականի փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես տեղեկացվել է այդ մասին մեր երկիր կատարած այցի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ սահմանային անցակետը վերջին անգամ օգտագործվել է 2023թ. Թուրքիա մարդասիրական օգնություն առաքելու համար, որն ուղարկվել էր Հայաստանից փետրվարի 6-ի երկրաշարժից հետո։

Նշվում է նաև, որ սահմանային անցակետն օգտագործվել է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպման, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների նիստերի շրջանակներում հետիոտնային անցումների համար։

209