Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ:

Արման Եղոյանը նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի դերակատարությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:

Կենտրոնի ներկայացուցիչները հիմնականում հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններով, տարածաշրջանային զարգացումներով:

Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող փոխգործակցությունից` Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորության մասին:

Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-շվեդական գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

255