Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի կողմից կատարված սխալ վիրահատության պատճառով բուժառուի մոտ առողջական խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ ևս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 47-ամյա Ս-ն հայտնել է, որ 2021 թ. սեպտեմբերի 6-ին իրեն նշված բժշկական կենտրոնի տնօրենը «կրծքագեղձերի լիպոֆիլինգ» վիրահատություն է արել, որի արդյունքում խնդիրը չի լուծվել՝ առաջացնելով այլ առողջական խնդիրներ և նույն բժիշկը իրեն վիրահատել է 2022թ. ապրիլ, 2023թ. մայիս և 2024թ. հունվար ամիսներին, սակայն իր առողջական խնդիրը չի լուծվել, այլ ինքը ձեռք է բերել այլ առողջական խնդիրներ ևս:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, բուժառուն հայտնել է նաև, որ դիմել է այլ մասնագետների, սակայն չի կարողանում լիարժեք բուժում ստանալ, քանի որ ունի ֆինանսական խնդիր և վիրահատությունների համար ինքը վճարել է 1 մլն 300 հազար դրամ գումար, այնինչ բազմիցս դիմել է տնօրենին, որպեսզի տրամադրի կատարված վիրահատությունների պատմագրերը, անալիզների պատասխանները և վճարված գումարի կտրոնը, սակայն վերջինս հրաժարվել է տրամադրել։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

658